Բարձրություն - 3201 մ
Երկարություն - 40 կմ
Տարիք - 150 մլն
Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի երկարությունը մոտ 40 կմ է։ Բարգուշատի լեռների հարավային ճյուղավորությունն է: Խուստուփ լեռան բարձրությունը 3201մ է։
Այն բնության հատուկ պահպանվող տարածք է և ընդգրկված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում գտնվող «Խուստուփ» արգելավայրի տարածքում։ Լեռնազանգվածը հարուստ է կենդանական և բուսական աշխարհով, բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Արշավների ընթացքում հնարավոր է տեսնել Բեզոարյան այծերի խմբեր։ Խուստուփը համարվում է սուրբ լեռ:
Ժողովրդի կողմից ստացել է «ճգնավոր» անունը։ Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն «խութու» արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Կապանի երկրագիտական թանգարանում պահպանվել է 1919 թվականի լուսանկար, որտեղ կապանցիները տոնում են Վարդավառը։ Խուստուփի լանջին է գտնվում Գարեգին Նժդեհի պղնձաձույլ կիսանդրին։ Խուստուփ լեռը կապանցի արվեստագետների ոգեշնչման աղբյուրն է, ուստի այն արտացոլվել է նրանց ստեղծագործություններում։