Չնայած անցած տարիներին թանգարանը բազմաթիվ փորձությունների է դիմագրավել՝ 1992թ. հրդեհ, իսկ հետո վերականգնում (1993թ.), այն կրկին վերածնվեց՝ պահպանելով իր արժեքավոր հավաքածուն։ 2021 թվականին իրականացվել է թանգարանի վերանորոգում, ինչի շնորհիվ այն ստացել է ժամանակակից տեսք՝ պահպանելով իր պատմական հմայքը։
Թանգարանի հիմնական նպատակն է՝ ներկայացնել հայ ժամանակակից արվեստը և հնարավորություն տալ տեղացի բնակչությանը ու զբոսաշրջիկներին տեսնել աշխարհը նոր, ստեղծագործական դիտանկյունից։ Այստեղ ներկայացված են ինչպես 
սոցիալիստական ռեալիզմի, այնպես էլ 
մոդեռն ոճի գործեր՝ արտացոլելով անկախության առաջին տարիների ազատության շունչը։
Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են կապանցի և հայ այլ նկարիչների անհատական ու խմբակային ցուցահանդեսներ։ Դրանց թվում կարելի է հիշել․
- «Աշուն-2013» ցուցահանդեսը, որի արդյունքում հրատարակվել է գիրք,
 - «Հիշում եմ և պահանջում» (2015 թ․) ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։
 
Թանգարանը ոչ միայն ցուցադրության վայր է, այլև կրթական հարթակ․ այստեղ իրենց ուսանողական պրակտիկան են անցկացնում Արվեստի պետական քոլեջի և արվեստի դպրոցների սաները։ Բացի այդ, թանգարանը մշտապես համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ․ օրինակ՝ «World Vision Armenia»-ի աջակցությամբ անցկացվել են մանկական ցուցահանդեսներ և անհատական նախագծեր։
Տարիների ընթացքում թանգարանն ընդունել է բազմաթիվ պատվավոր հյուրերի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Բելառուսից, Ռուսաստանից, ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից և այլ վայրերից։
Այսօր Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը շարունակում է իր առաքելությունը՝
միավորելով անցյալն ու ներկան, արվեստն ու համայնքը։
Այցելությունը 
անվճար է, և յուրաքանչյուր այցելու կարող է բացահայտել հայ ժամանակակից արվեստի բազմերանգ աշխարհը՝ հենց Սյունիքի սրտում։