Հալիձոր

Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք՝ Ողջի գետի բարձրադիր աջ ափին:

Հին խրամատներ, ավերված պատեր ու ընդարձակ բերդի պատշգամբներ: Հալիձորի բերդում արված յուրաքանչյուր քայլը պատմություն է:

Բերդը գտնվում է Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի դիմաց` Ողջի գետի բարձրադիր աջ ափին։ Այն կառուցվել է որպես կուսանաց անապատ, այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի։
Հալիձորի բերդի տարածքում է գտնվում 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին, որը 1723թ. վերակառուցվել է Դավիթ Բեկի կողմից։

Ուշագրավ է բերդի պատմությունը, որը կապվում է հայ ազգային ինքնության ձևավորման կարևոր ժամանակաշրջանների հետ։ 18-րդ դարի սկզբին Դավիթ Բեկը, հաստատվելով Հալիձորի բերդում, սկսում է դրամ կտրել, որի մի երեսին դրոշմում է Թամրազ շահի անունը, իսկ մյուսում՝ իրենը հետևյալ կերպ. «Քրիստոսի ծառա Դավիթ»:

Բերդի տարածքում՝ Սբ. Աստվածածին եկեղեցուն կից շինության ներսում, կա չորս տապանաքար։ Տեղացիներն ասում են, որ տապանաքարերից մեկի տակ հանգչում է զորավարի աճյունը։ Ասում են, թե Դավիթ Բեկի գերեզմանաքարի վրա միայն մի ծաղիկ կա քանդակված, և այն էլ` երեսով դեպի հողը, որպեսզի թշնամիները չկարողանան ճանաչել և ոսկորները հանել:

Բերդը ողջ է մնացել դարերի ավերածություններից, իսկ այսօր հանդիսանում է զբոսաշրջիկների համար անչափ գրավիչ ուղղություն։
Այցելելով բերդ` կարելի է վայելել աննկարագրելի տեսարաններ դեպի Հալիձորի շրջակա ձորերը և բարձր լեռները: