Գտնվում է Կապան քաղաքից 14 կմ հեռավորույան վրա, Կապան - Քաջարան մայրուղուն հաղորդակից Անդոկավան, Դավիթ Բեկ և Ներքին Գիրաթաղ բնակավայրերի հարևանությամբ:
Բաղաց ամրոց, Բաղբերդ, Պաղաբերթ: Այսպիսի անուններով է պատմության մեջ հիշատակվում հինավուրց ամրոցներից մեկը` Բաղաբերդը։ Ենթադրվում է, որ այն կոչվել է Բաղակ իշխանի անունով։
Գտնվելով Կապանին մոտ` այն եղել է Սյունյաց իշխանության պաշտպանական համակարգի գլխավոր օղակը։ Բաղաբերդը նահանգի անառիկ ամրոցներից էր, որը IV դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ:
Իսկ 1103 թվականին` Կապան քաղաքի ավերումից հետո, այն դարձավ Սյունյաց թագավորության մայրաքաղաքը։
Ամրոցի մասին տարբեր հիշատակություններ են թողել 9֊14֊րդ դարերի հայ պատմիչները։ Սակայն այս վայրը չի կարելի թողնել միայն պատմության էջերում կամ լուսանկարներում։ Պետք է զգալ դարերի շունչը` դառնալով կենդանի պատմության մի մասը։ Ամրոցից բացվում են լեռների աննկարագրելի տեսարաններ։ Սա հիանալի վայր է նրանց համար, ովքեր սիրում են համատեղել պատմությունն ու արկածները։